Իշխող երեք ուժերի՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից կոալիցիոն հուշագրի ստորագրումը նրանց սկսած համատեղ ճանապարհի տրամաբանական շարունակությունն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով, այդ փաստաթղթի առանցքային մասն այն է, որ այն ստորագրելով՝ կոալիցիոն երեք ուժերն, ըստ էության, պատրաստակամություն են հայտնել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հանդես գալ մեկ ցուցակով։

Հարությունյանի խոսքով, կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը բյուրեղացրեց հայրենական քաղաքական դաշտը։ «Այս փաստաթղթի ստորագրումը բխում է ոչ միայն կոալիցիայի, այլ նաեւ ընդդիմության եւ առհասարակ ամբողջ հանրության շահերից»,- նկատեց Հարությունյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ նոր փաստաթուղթն իրավաբանորեն որեւէ բան չի պարտավորեցնում այն ստորագրող ուժերին։ «Իհարկե, ցանկության դեպքում նրանք կարող են դուրս գալ իշխող կոալիցիայից, սակայն այդ դեպքում պետք է ծանրակշիռ փաստարկներ ներկայացնի»,- եզրափակեց Հարությունյանը:

Նշենք, որ նախօրեին Հայաստանի երեք իշխող կուսակցությունները կոալիցիոն նոր հուշագիր են ստորագրել, որով  ամրագրել են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գալու եւ 2013-ի նախագահական ընտրություններին երկրի գործող նախագահին սատարելու դրույթները: