Երկրում ձեւավորված այլասերված քաղաքական եւ տնտեսական համակարգ առատ բերք է տալիս. առաջին անհրաժեշտության ապրանքները կարծեք թանկանում են ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ: Նման հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Երկրի իշխանությունների գործուն միջամտությամբ` այս շաբաթ նոր գնային նվաճման հասավ ալյուրը: Հացը թանկացավ մոտ 20 դրամով: Սա ոչ միայն միջազգային գնաճային երեւույթների հետ է կապված, այլ նաեւ իշխանությունների անհագուրդ փող աշխատելու ցանկության: Ինչպես ներկայացնում են փորձագիտական շրջանակները, մենք առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գներով առաջատար դիրք ենք գրավում աշխարհում:
Այս ամենը կանխելու օրենքով իրենց վրա դրված պարտականությունը կատարելու փոխարեն իշխանությունները, օգտվելով իրենց լիազորություններից, ընդհակառակը այնպիսի քաղաքականություն են իրականացնում, որի ընթացքում գնաճը զսպել հնարավոր չէ: Դա դեռ քիչ է, կոալիցիոն իշխանությունները հավելյալ ֆինանսական բեռի տակ են գցում մեր քաղաքացիներին: Բավական չէր ԱՊՊԱ կոչված կողոպուտի գործընթացը, հիմա էլ ներդնում են վրացական համարանիշերով մեքենաների պարտադիր մաքսազերծման նոր գործընթաց, որն, ըստ էության, մինչեւ վերջ աղքատացնելու եւ նոր պարտքերի տակ է գցելու Հայասատանի հյուսիսում ապրող տասնյակ հազարավոր ընտանիքների: Իրականացնել նման գործընթացներ, հաշվի չառնելով դրա սոցիալական հետեւանքները, կարող է միայն այն իշխանությունը, ում համար չկա ավելի բարձր շահ, քան սեփական գրպանի պարունակությունը եւ որը վարում է ժողովրդին թալանելու քաղաքականություն, որի արդյունքը օրեցօր մեծացող արտագաղթն է:
Բարեբախտաբար այս ամենի դեմ պայքարի միշտ ելած մեր քաղաքացիների շարքերն օրեցօր ստվար են դառնում: «Ժառանգությունն» իր սկզբնավորման օրվանից մինչեւ այսօր եւ հատկապես խորհրդարան մտնելուց հետո եղել է մեր քաղաքացիների կողքին եւ աջակցել նրանց արդար պայքարին` կանգնելով ճակատի առաջին գծում: Այս օրերին մեր աջակցությամբ տեղի ունեցան բազմաթիվ բողոքի ակցիաներ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում: Որքան էլ իշխանությունները խոչընդոտում են, միեւնույն է պայքարողները շատանում են, եւ նրանք համառ պայքարի արդյունքում հասնելու են հաղթանակի եւ իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Կարեւորն այն է, որ ժողովուրդն արթնանում է եւ տեր կանգնում իր իրավունքներին` այդ թվում սոցիալական:
«Ժառանգություն» կուսակցությունը ստորագրահավաք է իրականացնելու խորհրդարանում` արտահերթ նիստ հրավիրելու պահանջով»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այս հայտարարությունը կհեռարձակվի «Հ1» հեռուստաընկերությամբ՝ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում:




























