Չորս օր տեւած արժեզրկումից հետո հայկական դրամը շաբաթվա վերջին օրը մի փոքր ամրապնդվեց։ Այսօր՝ փետրվարի 18-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 1,65 մլն դոլարի առուվաճառք։

Բոլոր 15 գործարքները տեղի են ունեցել 1դոլար/365,25 դրամ փոխարժեքով։ Վերջին ամսվա ընթացքում հաճախակի են դարձել առեւտրային սեսիաները, երբ դոլարի առուվաճառքի փոխարժեքը բոլոր գործարքների ժամանակ նույն է մնում; Սա միանշանակ դրական է անդրադառնում փոխարժեքի շուկայական վարքագծի վրա։

Բորսայական գործարքների ազդեցությամբ փոխանակման կետերը 1 դրամով իջեցրել են դոլարի առքի գինը՝ սահմանելով այն 363 կամ 364, սակայն անփոփոխ են թողել վաճառքի գինը՝ 367։ Հնարավոր է՝ վաղը դոլարի վաճառքի գինը եւս նվազի։