Աշխարհահռչակ փոփ-երգչուհի երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ փետրվարի 19-ին Երեւանում կայանալիք համերգը հետաձգվել է, իսկ համերգի կազմակերպիչները ողջ օրվա ընթացում անհասանելի են:
Համերգը հետաձգվելու լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային  համալիրի փոխտնօրենը (հենց այնտեղ պետք է կայանար համաշխարհային մեծության  աստղի մասնակցությամբ համերգը)։

Նրա խոսքով, Քոնորի համերգը տեղի կունենա մարտի 8-ին։ «Ավելին ասել չեմ կարող, ճիշտ կլիներ, եթե համերգի հետաձգման պատճառների մասին տեղեկանայիք կազմակերպիչներից»,-նշեց մարզահամերգայինի փոխտնօրենը։
Մեզ, սակայն, չհաջողվեց կապ հաստատել համերգը կազմակերպող «Վի Էյջ մյուզիք փրոդաքշնի» տնօրեն Վահե Հարությունյանի հետ։ Ընկերությունում պատճառաբանեցին, որ նա նկարահանումների է, եւ այդ պատճառով էլ անջատել է հեռախոսը։ Խնդրանքին՝ որեւէ կերպ մեկնաբանել համերգի հետաձգումը, «Վի Էյջ մյուզիքում» նշեցին, որ բացի տնօրենից, ոչ ոք նման իրավասություն չունի։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սառա Քոնորի համերգը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Երգչուհուն չի գոհացրել Հայաստանում առկա տեխնիկան եւ նա պահանջել է իրեն ապահովել առավել բարձորակ տեխնիկական սարքավորումներով։