Կոալիցիիան նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտության առաջ կանգնեց, քանի որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան ԲՀԿ-ի միջոցով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք»-ի ղեկավար, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

«Բնականաբար, երբ մի քիչ վառ երեւակայության տեր ժուռնալիստները հարց են բարձրացնում, թե հեսա-հեսա Քոչարյանը նորից հետ ա դառնալու եւ «Բարգավաճ Հայաստանը» դիտմամբ է իրեն ընդդիմադիրի դիրքերում  պահում, ուստի կոալիցիայի մոտ անհրաժեշտություն առաջացավ հստակություն մտցնել եւ նոր հուշագրի ստորագրմամբ նման խոսակցություններին վերջ դնել»,-հայտարարեց Սադոյանը:

Դիտարկմանը, թե հուշագիրը չի կարող պարտադրող հանգամանք հանդիսանալ եւ այն ստորագրած ուժերը կարող են ցանկացած պահի դուրս գալ կոալիցիայից, ինչպես դա տեղի ունեցավ 2006-ին` ՕԵԿ-ի, եւ 2009-ին`ՀՅԴ-ի պարագայում, նախկին խորհրդարանականն արձագանքեց. «Իսկ ինչի՞ պիտի, ենթադրենք, ԲՀԿ ներկայացուցիչները նման քայլի դիմել, եթե չկա շահերի, գաղափարների եւ մոտեցումների տարբերություն: Բոլոր դեպքերում, եթե ԲՀԿ-ն որոշի ինչ-որ քայլի դիմել հետագայում, դա այնքան ակնհայտ կլինի եւ դրա մասին այնքան կթմբկահարվի, որ հաստատ շահեկան վիճակ չի ստեղծվի ԲՀԿ-ի համար»,-հայտարարեց Սադոյանը:

Նա նաեւ հավելեց, որ նոր հուշագիրը գուցե չեղյալ հայտարարվի մինչեւ 2012 թվականի ընտրությունները, եթե երկրում նոր իրադրություն ի հայտ գա: «Ամեն ինչ կախված է ոչ թե իրենցից` ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից, եւ նույնսիկ Հայ ազգային կոնգրեսից, այլ այն հանգամանքից, թե արդյոք ի հայտ կգա՞ «երրորդ ուժ»: Այդ ժամանակ բոլոր քարտերը կարող են խառնվել իրար, եւ ոչ ոք ուշադրություն չի դարձնի, թե մինչեւ այդ ինչ էր  հայտարարել»,-նշեց Սադոյանը: Նա նաեւ կոչ արեց արագացնել քաղաքական դաշտի սերնդափոխությունը, եւ հավելեց, որ արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ  «երրորրդ ուժի» ի հայտ գալն անհրաժեշտություն է: