«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտարարում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն:
Նրա խոսքով, փետրվարի 18-ի կեսօրին իրեն է զանգահարել անծանոթ մի տղամարդ 010.27-86-42 հեռախոսահամարից եւ անհանգստացած հայտնել, որ «դատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով»: Դրանից հետո Տիգրան եւ Զարուհի Փոստանջյանները նրա հետ պայմանավորվել են հանդիպել Կոմիտասի սկզբնամասում գտնվող ցայտաղբյուրների մոտ, սակայն անծանոթը չի եկել հանդիպման:
«Դրանից մի քանի ժամ անց ինձ տեղեկացրեցին, որ «Ա1+» ինտերնետային կայք էջում ՀՀ դատախազության կողմից պաշտոնական հայտարարություն է տեղադրված, որը վերաբերում է ինձ: Ես նայեցի ՀՀ դատախազության կայքը եւ պարզվեց, որ իրոք, տեղադրված է հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն.
«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»:
Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որեւէ այլ կերպ իմ տեսակետը լսելու:
Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ եւ առաջին «զոհերից» մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաեւ, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների եւ Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչեւ ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով:
Լինելով Փոստանջյանների ընտանիքի անդամ` տեղյակ եմ, որ այս տարիների ընթացքում փորձել են տարբեր միջոցներով Զարուհուն եւ նրա ընտանիքի անդամներին ահաբեկել, սակայն տարբեր ուրիշ ճանապարհներով չհասնելով «բաղձալի» արդյունքին, այն է` կոտրել Զարուհի Փոստանջյանի կամքը եւ ստիպել նրան գրավել հարմարվողական դիրք, դիմել են հերթական պրովոկացիայի:
Նաեւ շատ լուրջ մտավախություն ունեմ, որ ինձ զանգահարած քաղաքացուն, ով տեղյակ է իմ դեմ թխվող քրեական գործի իրական դրդապատճառների մասին, ինձ զանգահարելուց հետո վտանգ կսպառնա: Չի բացառված, որ նա իր հերթին դառնա այս մեծ խաղի «զոհը»:
Դիմելով Ձեզ, ակնկալում եմ, որ Ձեր լիազորությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկեք ինձ եւ այդ անձին իշխանությունների սադրանքներից ու ճնշումներից, իսկ Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից պաշտպանելու գործում: Խնդրում եմ Ձեր անհապաղ միջամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:





























