Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ փետրվարի 18-ին Աղվերանում սկսվել է «ՏՀՏ լիդերների արտագնա հանդիպում» ֆորումը: Ֆորումը նվիրված է ԻՏՁՄ նոր երկարաժամկետ (2011-2013) ռազմավարական պլանի եւ գործողությունների քսանամսյա ծրագրի ընդունմանը:

ԻՏՁՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռազմավարական պլանում առաջնահերթություն է տրվելու հետեւյալ հիմնական ուղղություններին` «Շահերի պաշտպանություն եւ պետության հետ համագործակցություն», «Կրթություն եւ աշխատուժի զարգացում», «ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացում եւ ՏՏ հասարակության ձեւավորում», «ԻՏՁՄ զարգացում եւ ընդլայնում»:

Նոր ռազմավարության մշակումը պայմանավորված է 2008-2010թթ. ռազմավարական պլանի ավարտմամբ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր եւ միջոցառումներ, այդ թվում` «Գյումրի քաղաքում ՏՀՏ ոլորտի նոր սկսնակ բիզնեսի զարգացման աջակցման ծրագիր», «Հարկային եւ մաքսային օրենսդրության բարեփոխումների ծրագրեր», Armtech, DigiTec ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, DigiTec Business ֆորում, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթներ:

Այս անգամ ֆորումին մասնակցելու են միայն Միության անդամները, որոնց թիվը  2011թ. փետրվարի 1-ի դրությամբ հասել է 48-ի: Ֆորումին, սակայն մասնակցում են ԻՏՁՄ մոտ 35 անդամ:     

Երկօրյա հանդիպում-ֆորումի ընթացքում քննարկված ռազմավարական պլանը վերջնականապես կհաստատվի եւ կընդունվի ապրիլին կայանալիք ԻՏՁՄ Համագումարի ժամանակ: