Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ անչափ թանկ ու հիշարժան տոնի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Փետրվարի 20-ը 23 տարի առաջ արցախցիների կյանքում նշանավորվեց որպես համազգային միասնության ու ազատատենչ ոգու վերածննդի սկիզբ եւ դարձավ հիրավի համաժողովրդական տոն: Այդ օրը մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցելու մեր վճռականության մասին: Դա մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոչ էր, խաղաղ, արդար եւ օրինական պահանջ` համահունչ միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին:
Մեր անցած ուղին ծանր էր ու դժվարին: Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, որը դարձավ բազում ավերածությունների ու զոհերի պատճառ: Հանուն մեր ազգային-ազատագրական պայքարի իրենց կյանքը նվիրաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:
Այսօր Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար: Մեր նպատակը տնտեսության հետեւողական զարգացումն է, պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, ժամանակակից ու բարգավաճող պետության կառուցումը: Մենք ի զորու ենք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրները` միշտ վառ պահելով 1988-ի ոգին:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր բոլոր ձեռնարկումներում»:





























