ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող առեւտրային պատերազմի գինն  աճում է, գրում է Business Insider-ը։ Չնայած Թրամփը խոսում է ԱՄՆ գանձարան լցվող միլիարդների մասին, սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ ընկերությունների ծախսերը նոր ռեկորդներ են սահմանում։

Մաքսատուրքերի բարձրացման հետ կապված հոկտեմբերին ամերիկյան ընկերությունները վճարել են 6,2 միլիարդ դոլար՝ սեպտեմբերին վճարած 4,4 միլիարդի եւ 2017 թվականի հոկտեմբերին՝ 3,1 միլիարդի պարագայում։ Այսինքն, այդ թիվը 104 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ, չնայած այն հանգամանքին, որ ներմուծման արժեքն աճել է ընդամենը 13 տոկոսով՝ համաձայն ազատ առեւտրով զբաղվող Tariffs Hurt the Heartland ընկերության եւ The Trade Partnership հետազոտական ֆիրմայի հավաքած տվյալների։

Այս տվյալները վկայում են, որ Թրամփի կողմից պողպատի, ալյումինի եւ չինական ապրանքների ներկրման համար սահմանված մաքսատուրքերը ազդեցություն են գործում։ Մայիսին՝ պողպատի ու ալյումինի մաքսատուքրերի գործողության սկզբնական շրջանում, ընկերությունները վճարել են 3,1 մլրդ դոլար մետաղների ներկրման համար։ Հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 446 միլիոն դոլար պողպատի, 134 միլիոն՝ ալյումինի համար։

Ինչ վերաբերում է չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերին, ապա եթե մինչ այդ ընկերությունները վճարում էին ամսական 0,4 միլիարդ դոլար, ապա հոկտեմբերին այն կազմել է 2,6 մլրդ դոլար։

Արդյունքում ամերիկյան ընկերությունները 7,4 մլրդ դոլարով ավելի են վճարել Թրամփի կողմից «սանձազերծված» առեւտրային պատերազմի պատճառով։