Խորհրդարանական երեք ուժերի կողմից ստորագրված կոալիցիոն նոր հուշագիրը արտառոց երեւույթ է, որից քաղաքական առեւտրի հոտ է գալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց հուշագրի արտառոց կետերը, ըստ այդմ, հուշագրում խոսվում է 2013 թվականի նախագահի ընտրություններում գործող նախագահին սատարելու մասին, այն դեպքում, երբ մինչ այդ` 2012-ին պետք է տեղի ունենան խորհրդարանի ընտրություններ: «Այնպիսի տպավորություն է, որ մեր խորհրդարանական գործընկերները կանխավ գիտեն, որ 2012-ին անցնելու են խորհրդարան եւ, դեպքերից առաջ ընկնելով, խոսում են նախագահի ընտրությունների մասին»,- նշեց Շահբազյանը: Պատգամավորի գնահատմամբ ` արտառոց է նաեւ հուշագրում առկա ձեւակերպումը, թե «կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:
Այս ձեւակերպումը , ըստ Շահբազյանի, հուշում է, թե ապագա խորհդարանում ով ինչ տոկոսներ պետք է հավաքի: «Սրանով ուզում են ասել, որ եթե խորհրդարանում մի 20 մարդ կա, ովքեր իրենց անհանգստացնում են իրենց քննադատությամբ, եւ ուզում են, որ էդ 20-նն էլ չլինի եւ իրենց համար հանգիստ ապրեն խորհրդարանում»:
ՀՅԴ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ տպավորություն է, թե հուշագրից հետո կոալիցիոն երեք ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը խորհրդարանի ընտրություններին պետք է մասնակցեն միասնական ցուցակով: Դա է վկայում հուշագրում առկա այն ձեւակերպումը, թե այդ ուժերը միմյանց հետ մրցելու նպատակ չունեն:
«Հարց է առաջանում` այս հուշագրից հետո այդ ուժերը առանձին, ինքնուրույն ուժե՞րն են, թե արդեն ձուլվել են միմյանց»,- տարակուսեց Շահբազյանը: Նա նաեւ հավելեց, որ այս նոր հուշագրում պետք է միջանկյալ անդրադարձ լիներ նախորդ` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիոն հուշագրին, որում պետք է նշվեր, թե այս ընթացքում արդյո՞ք այդ քաղաքական ուժերին հաջողվել է ի կատար ածել նախորդ հուշագրում առաջ քաշված նպատակները, նշել այն կետերը, որոնք չեն կատարվել, եւ հիշատակել դրա պատճառները: «Կարծես ամեն ինչ շատ հոյակապ է եւ այս պահին երկրի միակ պրոբլեն այն է, թե ինչպես պետք է հաղթել հաջորդ ընտրություններում: Հուշագիրը վկայում է, որ իշխանությունը ամենեւին էլ մտահոգված չէ ժողովրդին հուզող ավելի կարեւոր խնդիրներով»,- նկատեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:





























