Եվրամիության տնտեսության եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենը ԵՄ անունից Հայաստանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որով սահմանվում են տնտեսական քաղաքականության հետագա պայմանները` երկրին մինչեւ 65 մլն եվրոյի վարկ եւ մինչեւ 35 մլն եվրոյի սուբսիդիա մակրոֆինանսական օժանդակություն տրամադրելու համար:
Ըստ ԵՄ կայքի`օժանդակությունը կտրամադրվի որպես Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ համաձայնեցված կայունացման ծրագրի աջակցություն:
Այս ֆինանսական օգնությունը 2011թ. Հայաստանի վճարային բալանսի պահանջարկի ծածկմանն ուղղված արտաքին ֆինանսավորման մասն է: Առաջին վճարումը` 40 մլն եվրոյի չափով, կկատարվի հուշագրի, ինչպես նաեւ փոխառությունների եւ սուբսիդիաների մասին համաձայնագրերը Ազգային Ժողովի կողմից վավերացնելուց հետո:
Հաջորդ մասնաբաժնի վճարումը նախատեսվում է 2011թ. աշնանը:




























