Ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը 7 տարի առաջ, փետրվարի 19-ին Բուդապեշտում սպանեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին: Նրանք երկուսն էլ մասնակցում էին Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանի` ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպած անգլերենի դասընթացներին:
Լրատվամիջոցները ցնցեցին համաշխարհային հանրությանն այդ տեղեկատվությամբ: Հունգարացի զինծառայող Կուտի Բալաշը, ով ապրում էր Գուրգեն Մարգարյանի հետ միեւնույն սենյակում, հետագայում պատմել էր, որ Գուրգենի եւ ադրբեջանցու, ընդհանրապես, խմբի տղաների միջեւ որեւէ ընդհարում չի եղել:
Գիշերը մտնելով քնած սպաների սենյակ, Սաֆարովը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել, ապա կացինով գրեթե գլխատել հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել եւս մեկ հայ սպայի, սակայն չէր հաջողել: Քննության ընթացքում դահիճը խոստովանել էր, որ անձնական խնդիրներ չի ունեցել հայ սպայի հետ, եւ սպանության միակ պատճառը Գուրգենի ազգային պատկանելությունն է:
Հարցաքննության ժամանակ Սաֆարովը խոստովանել էր, որ առաջին իսկ օրից ծրագրել էր սպանել հայ սպաներին. «…Այստեղ ես իմացաց, որ դասընթացներին երկու հայեր են մասնակցում: Ասեմ, որ իմ մեջ ատելություն առաջացավ հայերի նկատմամբ: Սկզբում անգամ բարեւում էին, այսինքն նրանք բարեւում էին «հելլո» բառով, իսկ ես չէի պատասխանում: Նրանք անցան իմ կողքով եւ ժպտացին, այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն գլխատել»:
Չնայած Սաֆարովի հրեշավոր խոստովանությանը, ադրբեջանական քարոզչական մեքենան անմիջապես փորձեր ձեռնարկեց «սպիտակեցնելու» մարդասպանին, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելով, Սաֆարովին ազգային հերոս դարձնելով:
Հայ սպային սպանած հրեշի դատավարությունը տեւեց երկու տարի: 2006. հունգարացի դատավոր Անդրաշ Վաշկուտին Սաֆարովին մեղավոր ճանաչեց: Հունգարական դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման, առանց առաջին 30 տարում ներման իրավունքի: Դատավարության ընթացքում հաջողության չհասնելով, ադրբեջանական կողմը փորձեց հասնել Սաֆարովի էքստրադիցիային: Սակայն Հունգարիայի հանրությունն ու իշխանությունները հրաշալի հասկանում էին, որ մի երկրում, որտեղ մարդասպանից հերոս են սարքել, նա դժվար թե լուրջ պատիժ կրի իր ոճրագործության համար:





























