Համագործակցության մասին նոր հայտարարություն ստորագրելով`Հայաստանում կառավարող ուժերն ամենեւին չեն համախմբվում մեկ միասնական դաշինքում եւ որպես քաղաքական միավորներ չեն կորցնում իրենց ինքնուրույնությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով  որոշ քաղաքական գործիչների այն տեսակետները,  թե նոր կոալիցիոն հուշագիրը համախմբում է կառավարող երեք ուժերին մեկ դաշինքում:

Շարմազանովի խոսքով` պարզապես այդ ուժերը, մի կողմ թողնելով իրենց նեղ կուսակցական շահերը եւ ստորագրելով համագործակցության մասին նոր հայտարարություն, կրկին հաստատեցին հօգուտ հայկական պետականության համախմբված աշխատելու իրենց պատրաստակամությունը: «Սակայն  դա չի նշանակում, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին նրանք հանդես կգան միասնական համամասնական ցուցակով»,- նկատեց Շարմազանովը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ նոր կոալիցիոն հայտարարության ստորագրումը երեք կառավարող ուժերի համագործակցության տրամաբանական շարունակությունն է եւ բխում է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից: «ՀՀԿ 20-ամյակին  նվիրված միջոցառմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հանրապետությունում բացասական երեւույթների հաղթահարման քաղաքական կուրսի շարունակության մասին, եւ այդ ճանապարհին նա պետք է հենվեր իր թիմի վրա, որի կազմում բացի ՀՀԿ-ից, նաեւ «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրն» են»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե նոր հուշագիրը երաշխիք չէ  քաղաքական անհրաժեշտության դեպքում  այս կամ այն կուսակցության` կոալիցիայից դուրս գալու համար, պատգամավորն ասաց. «Սխալ կլիներ հիմա կանխատեսումներ անել, թե ինչ կլինի մեկ կամ երկու տարի հետո: Այո, ոչինչ հավերժ չէ, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի կոալիցիա, եւ այսօր հնարավոր չէ ասել, ինչ կլինի վաղը: Կարելի է միայն արձանագրել, որ ցանկացած փաստաթուղթ գործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ստեղծման պատճառները հրատապ են մնում»,- եզրափակեց Շարմազանովը:

Նշենք, որ համագործակցության մասին նոր կոալիցիոն հայտարարությունը ենթադրում է կառավարող երեք ուժերի համախմբված մասնակցություն 2012թ. խորհրդարանական ընտրություններին եւ միասնական թեկնածուի սատարում  2013թ. նախագահական ընտրություններին: Սակայն մի քանի կետեր ոչ ճիշտ մեկնաբանությունների տեղիք էին տվել: Մասնավորապես որոշ քաղաքական գործիչներ ենթադրում էին, թե նոր կոալիցիոն փաստաթուղթը պարտավորեցնում է երեք ուժերին գալիք խորհրդարանական ընտրություններին հանդես գալու միասնական համամասնական ցուցակով: