Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը չի պատրաստվում միանալ  ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ: Այս մասին ԺԿ ղեկավարը հայտարարել է իր կուսակցության «Երիտասարդական համաժողով» կոչված միջոցառման ժամանակ: «Ժառանգությունը» նախագահական խաղ է խաղում, նույնն էլ ՀԱԿ-ը, մենք կոչ ենք անում, որ լինեն խորհրդարանական արտահերթ եւ նախագահական ընտրություններ, իրենք ասում են` թող լինեն նախագահական, նոր խորհրդարանական, որովհետեւ ուզում են նախագահ նստեն»,- պարզաբանեց Տ.Կարապետյանը: Նա նաեւ հավելեց, որ թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարում «սրիկայություններ» են տեղի ունենում: «Մի տեղ աբիժնիկներն են, մի տեղ հարստացման իշխանավորներն են բիրտ, եթե այսպես շարունակեն, իրենք կկորցնեն այն, ինչ որ ունեն»,- հայտարարել է ԺԿ ղեկավարը:

Հարցին, թե ովքե՞ր են այն «արդար ուժերը», որոնք կարող են իշխանության դեմ միավորվել, Տ. Կարապետյանն արձագանքել է. «Որոնք որ չեն թալանել: Ես անուններ չեմ կարող ասել, չէ, կարող եմ ասել, ես չեմ համարում դա կոռեկտ, բոլորս գիտենք: Եղել է իշխանություն, անընդմեջ, բան չի թողել, մենք ունեցել ենք 1500 գործարան Երեւանում, ի գիտություն Ձեզ մենք ունեցել ենք ռոբոտների գործարան, ուր ա՞»: