Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 19-ին Հայաստանի պատմության պետական թանգարանում ներկա է գտնվել «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով նոր ցուցադրությանը, որում տասնամյա ընդմիջումից հետո ներկայացված են Քա. IX-VIդդ. Վանի թագավորության մշակույթը, արվեստն ու պատմությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը ծանոթացել է 1937թ. սկիզբ առած եւ մինչ այսօր Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1000  գտածոյի բացառիկ ընտրանուն: Նշվել է, որ համալրված մշտական ցուցադրության ավելի քան 70 տոկոսը հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել է նաեւ մեծանուն հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված էքսպոզիցիան:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ էքսպոզիցիան ընդգրկում է 8 ցուցասրահ, որտեղ առաջին անգամ ցուցադրված են նկարչի գրեթե բոլոր գեղանկարչական աշխատանքները եւ գրաֆիկայի մեծ մասը, ներկայացված են նաեւ բազմաթիվ փաստավավերագրական նյութեր եւ լուսանկարներ: Նշվել է, որ այս ցուցահանդեսը աննախադեպ է եւ ծավալով, եւ ներկայացված նյութով: