Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր՝ փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տարակուսանք հայտնեց փողոցային առեւտրի, մաքսատուրքերի բարձրացման եւ արտասահմանյան համարներով ավտոմեքենաների պարտադիր մաքսազերծման գների բարձրացման դեմ քաղաքացիական դիրքորոշման կապակցությամբ։
«Մեր երկրում հետաքրքիր միտում է նկատվում, մարդիկ պայքարում են աշխատելու իրավունքի համար՝ խախտելով օրենքը»,- հայտարարեց նա։ Պատգամավորի պնդմամբ, խոսելով համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ի նկատի ուներ հենց սա. «Ոչ ոք իրավունք չունի խախտել օրենքը՝ ոչ պաշտոնատար անձինք, ոչ սովորական քաղաքացիները»։
Մելիքյանը կիսեց մեծամասնության կարծիքը, որ Հայաստանում մեքենաների մաքսազերծման հարկերը մեծ խնդիր են։ Պատգամավորը խոստացավ, որ այդ խնդիրը մոտ ժամանակներս «կգտնի իր տրամաբանական լուծումը»։ Նրա խոսքով, լուծում կգտնվի նաեւ փողոցային առեւտրի մասով, քանի որ քաղաքապետարանը առեւտրականների համար հատուկ տարածքներ է նախապատրաստում։
Մելիքյանը նշեց նաեւ, որ վերջին ժամանակներս առավել զանգվածային բնույթ կրող բողոքի ակցիաները իշխանության համար վտանգ չեն ներկայացնում։ «Երկրում սոցիալական խնդիրներ կան, կա սոցիալական արմատներ ունեցող դժգոհություն, սակայն մենք սոցիալական դժգոհություն չունենք։ Որոշ ուժեր ձգտում են քաղաքականացնել այս գործընթացները, սակայն դա դժվար կլինի իրականացնել»,- նկատեց պատգամավորը։




























