Բահրեյնում, Եմենում, Իրանում չեն դադարում ցույցերը, անհանգիստ վիճակ է նաեւ Մարոկկոյում: Մարդիկ փողոցից տուն չեն գնում թե գիշերը, թե ցերեկը, փորձելով իշխանություններին ստիպել բավարարել իրենց պահանջները, որոնք գրեթե նույն բնույթի են` ցրել կառավարությունն ու լուծել սոցիալական խնդիրները:

Բահրեյնում, որտեղ նախորդ ամբողջ շաբաթ շարունակվում էին ցույցերը, այժմ ուժեղացված պաշտպանություն է իրականացվում:

Մանամայի Մարգարտյա հրապարակում  ցուցարարները վրանային ճամբար են հիմնել, որտեղ գիշերում են հազարավոր մարդիկ: Նրանք բոլորը սպասում են, թե իշխանությունն ինչպես կարձագանքի ընդդիմության պահանջներին: Կուսակցությունները մտադիր են իրենց առաջարկությունները ներկայացնել արքայազն Սալման բեն Համադ ալ-Խալիֆեին, որին երկրի թագավորը  բանակցություններ կազմակերպելու հանձնարարական է տվել: Առաջ քաշված պահանջներից է վարչապետի հրաժարականը, նոր կառավարության ձեւավորումը ընդդիմության մասնակցությամբ, սոցիալական խնդիրների լուծումը: Կառավարության վրա ճնշումներն ուժեղացնելու նպատակով արհմիությունները կոչ են արել համատարած ցույցեր կազմակերպել: Իրավիճակը բարդացնում  է նաեւ կրոնական ասպեկտը. Բահրեյնում ահավոր խոր անդունդ կա հարուստ սուննիների եւ աղքատ շիաների միջեւ,  որոնք մեծամասնություն են կազմում:

Ցուցարարները չեն հանձնվում նաեւ Եմենում: Երկրի նախագահ Ալի Աբդալա Սալեհիի խոստումները՝ չառաջադրվել նախագահի թեկնածու երկրորդ ժամկետի համար եւ իշխանությունը չփոխանցել որդուն, բավարար չեն եղել, որպեսզի մարդիկ ցրվեն: Նախագահ Սալեհին Եմենի նախագահ է արդեն 32 տարի:

Երկրի մայրաքաղաք Սանայում ցուցարարները անվադողեր են այրում, գրոհում են իշխող կուսակցության գրասենյակները, քարեր նետում ոստիկանների ուղղությամբ: Քաղաքի կենտրոնը գրավել են ցուցարարները եւ շուրջօրյա հանրահավաքներ են կազմակերպում:

«Այս կոռուպցիոն ռեժիմին պետք է վերջ տրվի: Ժողովուրդը սոված է, ոչ ոք  աշխատանք չունի: Մենք ազատություն ու արդարություն ենք ուզում եւ մենք իրավունք ունենք դա պահանջելու»,- ասել է ընդդիմադիրներից մեկը:

Անհանգիստ է նաեւ Իրանում, թեեւ նախագահ Ահմադինեժադը փորձում է թաքցնլ դա: Ինտերնետը երկրի տարածքում փաստացի չի գործում, խափանում են նաեւ բջջային կապը: Լրագրողների ձեռքի տակ են հայտնվում միայն Թեհրանի փողոցներում ցուցարարների կողմից նկարահանված կադրերը: Իրանի նախագահը համաշխարհային հանրության ուշադրությունը փորձում է սեւեռել այլ; խնդրի վրա. Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի 2 ռազմանավերը պետք է անցնեն Սուեզի ջրանցքով: Եգիպտոսը դա թույլ է տվել, բայց Իսրայելում այդ փաստը անհանգստություն է առաջացրել, քանի որ այդ ռազմանավերը պետք է հասնեն Սիրիա, որի հետ Իսրայելը գտնվում է պատերազմական վիճակում:

Հուզումների ալիքը հասել է նաեւ Մարոկկո: Մայրաքաղաք Ռաբաթի եւ Կասաբլանկայի փողոցներում ցուցարարները պահանջում են, որպեսզի

կառավարությունը հրաժարական տա, իսկ թագավոր Մոհամեդ 6-րդի լիազորությունները կրճատվեն:

Ոստիկանությունը դեռեւս որեւէ կերպ չի միջամտում իրավիճակին: Մարոկկոյի կառավարությունը կարծում է, որ ազատ երկրի քաղաքցիները կարող են բաց արտահայտել իրենց կարծիքը, այնպես որ Մարոկկոյում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Բայց երկա՞ր կտեւի այդ հանգստությունը: