ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փետրվարի 18-ին Վաշինգտոնում հայտարարել են, որ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչի գրասենյակի դաշնային գործակալների կողմից  ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19 հազար ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` հրահանգելով ԱՄՆ ՄԶԳ-ի շահառու հանդիսացող հայկական առեւտրային բանկին ԱՄՆ կառավարությանը պարտք միջոցներն ուղարկել իր անձնական բանկային հաշվին: 2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով  պատասխանատու:

«ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ-ը գրասենյակը եւ ողջ ԱՄՆ դեսպանությունը լրջորեն են վերաբերվում է ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման մեր պարտավորությանը, եւ մենք պարտավոր ենք աջակցությանն ուղղվող բոլոր միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ Հայաստանի: Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ուսուցանում ենք մեր աշխատակիցներին բացահայտել կասկածելի գործողությունները եւ զեկուցել դրանց մասին:

Մենք կշարունակենք խստորեն հետեւել մեր աշխատանքի անաչառությանը, որն իրականացվում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ժողովուրդների անունից:

Գործի մանրամասների հետ կապված հարցումներ կարող են ուղղվել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին, հեռ.` (202) 252-6933»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: