«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ իր եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի դեմ քրեական գործը հարուցվել է ամենավերին ատյանների պատվերով։ Փետրվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ինքը՝ պատգամավորը։

«Նման պատվեր կարող էին շատ մարդիկ տալ, սակայն  ես հակված եմ կարծել, որ եղբորս հանդեպ քրեական գործ հարուցելուն նպաստել են Վանաձորում եւ Գյումրիում՝ իմ մասնակցությամբ ԱՊՊԱ-ի դեմ իրականացված բողոքի գործողությունները»,-ընդգծեց նա։

Պատգամավորը հավաստիացրեց, որ իր եղբոր դեմ մեղադրանք ներկայացնելով՝ որոշ մարդիկ նպատակ ունեն լռեցնել իրեն, սակայն ինքը չի նահանջելու եւ «բռնատիրության կողմից սկսված հետապնդումներից չի վախենալու»:

«Սա սրբազան պատերազմ է, որից մենք հաղթանակած ենք դուրս գալու։ Պատերազմ հայտարարողները թող լավ  իմանան, որ ես եւ իմ համախոհները գնալու ենք մինչեւ վերջ եւ մեզ ոչ մի բան չի կաշկանդելու»,- նշեց Փոստանջյանը։

Ասուլիսին ներկա, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ ապօրինի եւ անթույլատրելի է առանց մարդուն տեղյակ պահելու ե նրան հարցաքննելու վերջինիս հանդեպ միանգամից քրեական գործ հարուցելը։

Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը սեփական անձի հանդեպ քրեական գործ հարուցված լինելու մասին պատահմամբ տեղեկացել է Գլխավոր դատախազության կայքէջից (մեղադրանքը՝ կաշառք վերցնել):

«Այժմ ամեն ինչ պատրաստ է դատարան դիմելու համար։ Հայցադիմումը վարչական դատարան ներկայացնելու ենք հենց այսօր»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ հավելելով, որ հայցով պահանջելու են հերքել Փոսոտանջյանի եղբոր վերաբերյալ տարածած՝ կաշառակերության մասին հայտարարությունը եւ մեղադրող կողմից գումար բռնագրավել։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի (այս դեպքում՝ Տ. Փոստանջյանի) կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ։

Նշենք նաեւ, որ ուրբաթ օրը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտարարում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն: