Չի բացառվում, որ Հայաստանի կառավարող կոալիցիան խորհրդարանական ընտրություններին մասնակցի միացյալ համամասնական ընտարցուցակով: Այսօր՝ փետրվարի 21-ին մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Ընդ որում, նա նշել է, որ տվյալ հարցի վերաբերյալ կառավարող կոալիցիայում առայժմ որոշում չի կայացվել: Սակայն Գալստյանը սկսել է հակասել ինքն իրեն` հայտարարելով, թե, ստորագրելով նոր կոալիցիոն հուշագիրը համագործակցության վերաբերյալ` կառավարող ուժերը չեն կորցրել իրենց ինքնուրույնությունը եւ 2012թ. խորհրդարանական ընտրություններում նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է ավելացնել իր ներկայացվածությունը Ազգային Ժողովում:

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն ձգտելու են հավաքել 50 տոկոս+1 ձայն, եւ պատասխանելով հարցին, արդյոք դա չի՞ հակասում կոալիցիոն հուշագրի ոգուն, Խաչիկ Գալստյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություն է արել ի պատասան որոշ փորձագետների կանխատեսումների, թե ԲՀԿ-ն 7 տոկոս է հավաքելու»:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե կառավարող ուժերի համախմբումը նոր հուշագրի շուրջ չի նշանակում միացյալ համամասնական ընտրացուցակ:

Նոր հուշագիրը ենթադրում է համագործակցություն 2012-ի խորհրդարանական ընտրություններին եւ նախագահական ընտրություններին գործող նախագահի թեկնածության պաշտպանում: