Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թափուր մնալը օրենքի կոպիտ խախտում է։ Փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին  հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

«ՄԻՊ-ն իր իրավասությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում իր իսկ լիազորությունները կարող է փոխանցել մեկ այլ անձի, այնինչ Գյումրիի վարորդների հայտնի դեպքերի կապակցությամբ զանգահարել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց ինձ ասել են, որ որեւէ մեկը, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարը, օրենքով լիազորված չէ իրականացնել ՄԻՊ-ի գործառույթները։ Մենք, փաստորեն, մտել ենք մի փուլ, երբ գրեթե մեկ ամիս Մարդու իրավունքների պաշտպան չենք ունենալու, ինչը Սահմանադրության 18-րդ կետի 3-րդ պարբերության կոպիտ խախտում է»,- ասաց նա:

Նշենք նաեւ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սահմանված կարգի համաձայն հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ազգային Ժողովին: Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: Նա Հայաստանի օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնում էր  2006 թվականի փետրվարի 20-ից՝ 6 տարի ժամկետով: