Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ համագործակցության կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը եղել է հանուն ժողովրդի, հայոց պետականության, եւ ոչ մի անձնական շահ չկա, մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ մինչ նոր հուշագրի ստորագրումը կոալիցիոն ուժերի միջեւ տարաձայնություններ եղել են, սակայն դրանք լուրջ պատճառներ չեն ունեցել: «Եթե հուշագիրը չստորագրվեր, կոալիցիոն ուժերի միջեւ տարաձայնությունները կարող էին դուրս գալ թույլատրելիի սահմաններից»,- ասել է Գալստյանը:
Նա միաժամանակ հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ն ի սկզբանե համաձայն չի եղել հուշագրում ամրագրված ձեւակերպման հետ` նախագահական ընտրություններին միացյալ թեկնածուի աջակցելու վերաբերյալ: Գալստյանը հերքել է նաեւ մյուս լուրը, թե ԲՀԿ-ին պարտադրել են ստորագրել հուշագիրը: Նա չի համաձայնել այն կարծիքին, թե հուշագրի ստորագրումից հետո ԲՀԿ-ի վարկանիշն ընկել է:
ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ է տվել հայկական ընդդիմությանը օրինակ վերցնել իշխանություններից եւ համախմբվել մեկ միասնական դաշտում` որպես ընդդիմություն նշելով երեք քաղաքական ուժերի` Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն եւ «Ժառանգություն»: Նա չի բացառել, որ Տիգրան Կարապետյանը եւս կարող է բաձրացնել իր վարկանիշն ու համալրել ընդդիմության շարքերը:
Նկատենք, սակայն, որ ՀԱԿ-ը ընդդիմություն չի համարում ոչ Կարապետիչին, ոչ էլ ՀՅԴ-ին:





























