Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011 թ. հունվարին կազմում է 7,7 տոկոս; Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա՝ փետրվարի 21-ի հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ 2011 թվականից ԱՎԾ-ն այլեւս չի հրապարակելու ՀՆԱ-ի ամսական ցուցանիշը։ Դրա փոխարեն կհրապարակվի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը տնտեսության տարբեր ճյուղերի ծավալային հանրագումարն է։ Հետեւաբար՝ այդ ցուցանիշը հնարավորություն չի տալիս գնահատելու ավելացված արժեքը։

Նշենք, որ հունվարն ամենապասիվ տնտեսական ամիսն է։ Մասամբ դա պայմանավորված է ամանորյա տոներով (աշխատանքային գրաֆիկը սկսում է մոտ 10-օրյա արձակուրդից հետո), մասամբ՝ շինարարության եւ դրա հետ փոխկապված ճյուղերի թերբեռնվածությամբ (ցեմենտի, այլ շինանյութերի արտադրություն)։

Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է կրկնակի անգամ։

Շարունակվում է գյուղաատնտեսության անկումը՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 2,5 տոկոսով։ Նշենք, որ դա բացարձակապես կապ չունի եղանակային պայմանների հետ։ Այն կարող է հետեւանք լինել անասնապահության կրճատման, կամ էլ, որ առավել հավանական է՝ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի անկմամբ։ Հիշեցնենք, որ գազի թանկացման պատճառով ջերմոցային տնտեսություների մի մասը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, Չարենցավանում եւ Շիրակում եղել են ջերմոցների ապամոնտաժման դեպքեր։

Ի տարբերություն գյուղատնտեսության՝ տնտեսության մյուս ճյուղերում աճ է արձանագրվել, իսկ առեւտուրը մնացել է նույն մակարդակի վրա։

Շինարարության աճը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 0,9 տոկոս, իսկ ծառայություններինը՝ 24,3 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 5,7 տոկոսով։

Հունվարին արտահանվել է 66 մլն դոլարի ապրանքներ ու ծառայություններ, աճը՝ 21,3 տոկոս։ Ներմուծումն, ընդհակառակը, կրճատվել է 1,7 տոկոսով եւ կազմել 255 մլն դոլար։