Լուրերը, թե հանրապետություն ինսուլին չի ներկրվում, իրականությանը չեն համապատասխանում. ինսուլինի հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է եւ լաբորատոր փորձաքննություն է անցնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Աողջապահության նախարարության Դեղագործական գործունեության կազմակերպման բաժնի պետ Մարինե Հարությունյանը։

Նրա խոսքով, հանրապետություն ներկրված ինսուլինի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ եզրակացությունը պատրաստ կլինի արդեն այսօր՝ փետրվարի 21-ին, ինչից հետո ինսուլինի խմբաքանակը կբաշխվի Երեւանի եւ մարզերի բուժհաստատություների մեջ։ «Դանիական եւ ամերիկյան արտադրության բարձրորակ ինսուլին մեր երկիր ներկրվում է ամեն ամիս՝ երկամսյա ժամկետով։ Ներկրման թուլտվությունը տալիս է Առողջապահության նախարարությունը»,- տեղեկացրեց Հարությունյանը։

Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով, հայաստանցիներին ծանոթ, մինչ այժմ կիրառության մեջ գտնվող ինսուլինի տարատեսակ մեր հանրապետություն չի ներկրվում։ Հայաստան ինսուլին ներկրող «Նատալի Ֆարմ» ընկերությունը հանրապետություն ներկրում է ինսուլինի մեկ այլ տարատեսակ՝ «Լանտուս» անվամբ։

Մեր աղբյուրները փոխանցել էին, որ բոլորիս քաջածանոթ ինսուլին չի ներկրվում դեղամիջոցի գրանցման ժամկետների ավարտի եւ վերագրանցման գործընթացը չթարմացնելու խնդրով պայմանավորված։

Նշենք, որ գոյություն ունեն ինսուլինի բազմաթիվ տարատեսակներ։ «Լանտուսը» եւս, որ արտադրվում է Գերմանիայում, ունի իր մի շարք տեսակները։