Հայ համայնքը ներգրավված չէ Լիբանանում ընթացող ցույցերին: Դեկտեմբերի 19-ին NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բեյրութի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Նրա խոսքով՝ ցույցերը սոցիալական բնույթ ունեն, չեն առնչվում ո՛չ ազգային, ո՛չ քաղաքական հարցերի:
«Բողոքի ցույցերը քաղաքական ենթատեքստ չունեն եւ ոչ մի կերպ չեն առնչվում հայ համայնքի շահերին: Ցույցերը հիմնականում ընթանում են երկրի հյուսիսում եւ Բեյրութում ու կապված են պաղեստինցի երեխայի մահվան հետ»,- նշեց նա:
Անդրադառնալով արդեն երկար ժամանակ տեւած քաղաքական ճգնաժամին՝ Շահան Քանդահարյանը հայտարարեց, որ այդ հարցն առաջիկայում կլուծվի, եւ հույսեր կան, որ կառավարությունը կձեւավորվի:
Հիշեցնենք, որ Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոք է սկսվել պաղեստինցի երեխայի մահանալուց հետո, որին տեղացի բժիշկները հրաժարվել են անվճար բուժել:
Երեք տարեկան Մոհամմադ Վահբան ուղեղի շտապ վիրահատության կարիք ուներ, որի արժեքը կազմում էր 25 հազար դոլար: Երեխան կոմայի մեջ է ընկել, բայց հիվանդանոցները հրաժարվել են նրան ընդունել, քանի որ ծնողները բուժման համար վճարելու հնարավորություն չունեին: Երեքշաբթի առավոտյան տղային հուղարկավորել են:
Լիբանանում հուզումներն ընթանում են տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի ֆոնին: Երկրի ղեկավարությունը մայիսից չի կարողանում կառավարություն ձեւավորել:





























