Ընդդիմությունը  պետք է միասնականություն  դրսեւորի հեղափոխական իրավիճակում` կատարելով միասնական գործողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 21-ին հայտարարեց »Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի միավորվում եւ միասնական ճակատով պայքարում իշխանության դեմ:

«Հայաստանի ընդիմությունն այս իշխանության օրոք  ինչքան էլ միավորվի, ինչ էլ ուզում է անի, չի կարող տանել իր հաղթանակը, եթե չլինի ժողովրդի ցասման ալիքը»,-նկատեց Կարապետյանը:

Արտակ Զաքարյանն էլ ասաց, թե իշխանություններն ընդդիմության հետ միշտ եղել են գործընկերային հարաբերությունների մեջ: Քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ էլ, նրա խոսքով, ընդդիմությունը մասնակից է եղել, սակայն միշտ խուսափել է պատասխանատվությունից:

«Խնդիրը բոլորովին այլ բանում է: Եթե մեր ընդդիմությունը սպասում ա, որ ժողովուրդը պետք ա անպայման ցասումի մեջ լինի, որ նոր իրան ձայն տա, ապա մեր ընդդիմությունը գոյություն ունի սոսկ որպես ընդդիմություն»,-հայտարարեց Զաքարյանը:

Նա նաեւ հավելեց, որ ընդդիմության համար միշտ էլ ցանակալի է, որ դեպի իշխանություն տանող ճանապարհը կարճ լինի, քանի որ ընդդիմությունը հասկացել է, որ հասարակական աջակցության բացակայության պայմաններում ընտրությունների միջոցով ի վիճակի չի լինելու հաղթահարել իշխանության գալու անհրաժեշտ շեմը:

«Ընդդիմությանը այս հարցում հիասթափություն է սպասվում: Այսօր իշխանությունից ավելի լավ ոչ մեկը չի կարողանում աշխատանք տանել հասարակության հետ: Բացի այդ, ավելի լավ վերահսկողություն հասարակական գործընթացների վրա իշխանությունից բացի որեւէ մեկը չի իրականացնում: Չկան խնդիրներ, որոնք անարձագանք են մնում, չկան սոցիալական հարցեր, որոնց վերաբերյալ իշխանությունները չունենան իրենց լուծումները, կա բավարար քաղաքական կամք` շարունակելու բարեփոխումները»,-նկատեց իշխանական պատգամավորը: