Սփյուռքի նախարարության աշխատակիցները միանում են մշակույթի նախարարության աշխատակիցների գործադուլին: Նրանք բողոքում են, որ իրենց նախարարութոյւնները լուծարվում են:
Բողոքի ակցիան տեղի է ունենում նախարարությունների շենքի մոտ. Սփյուռքի նախարարության աշխատակիցները նշեցին, որ իրենց նախարարության լուծարումը սխալ որոշում է եւ այն կայացնելիս հաշվի չի առնված հենց սփյուռքի կարծիքը:
«Սփյուռքի նախարարությունը օդից ստեղծվեց եւ օր ու գիշեր աշխատել ենք, որ կարողացել ենք կայացած կառույց ստեղծել: Ինչպես կարելի է թույլ տալ մեկ գրչի հարվածով վերացնել մի նախարարություն, որը ստեղծվել է մեծ ջանքերի գնով»,-աաց ակցիայի մասնակիցներից մեկը: Նրանք նշեցին, որ նախարարի պաշտըոնակատար Մխիթար Հայրապետյանը խոսել է իրենց հետ. «Նա շատ ափսոսում է այս ամենի համար, որովհետեւ այսքան ընթացքում աշխատելով մեզ հետ նա տեսավ, թե ինչ գործ է կատարվում: Նա ցավ էր ապրում եւ ասաց, որ ափսոսում է, որ չկարողացավ պահել նախարարությունը: Ինչպես կարելի է 90 մարդու թողնել առանց աշխատանքի»:
Նշենք, որ գործադուլի մասին հայտարարել են նաեւ Մշակույթի նախարարության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։




























