Երեւան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերեւույթ չարաշահումների հետեւանքով պետությանը պատճառված վնասի իրական ծավալները հստակեցնելու, վնասը վերականգնելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ միայն ԵՔՔՎ քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով տարբեր ընկերությունների կողմից՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 522.262.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի հատուցում։ Բացի այդ՝ որոշ ընկերություններ՝ խնդրել են սահմանել ժամանակացույց պատճառված վնասը մաս-մաս վերականգնելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ չարաշահումներ հայտնաբերվել են ոչ միայն Երեւանում, այլ նաեւ հանրապետության մարզերում։ Նախնական քննության տվյալներով՝ չարաշահումների եղանակը նույնն է՝ ավտոմեքենաների տեխնիկական զննության համար պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների իրավասու անձանց կողմից առերեւույթ կեղծիքներ են կատարվել մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերում, որի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Մարզային քննչական վարչություններում քննվող քրեական գործերով եւս կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։




























