Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետեւանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների:
Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունների կապակցությամբ, համաձայն որոնց, հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ:
Նրա խոսքով, Ադրբեջանի բանակում կորուստների մի մասը կարող է հետեւանք լինել նաեւ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների:
«Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաեւ, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար»,- ասել է նա, հիշեցնելով, որ Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը:





























