Վիեննայի կենտրոնում հրազենային վնասվածքների հետեւանքով զոհվել է մեկ մարդ, մեկ տուժած՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին այսօր հաղորդել է Ավստրիայի փրկարարական ծառայությունը:

«Մեկ մարդ զոհվել է ստացած վնասվածքներից»,- նշել են փրկարարական ծառայությունում: Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել էր, որ Վիեննայի կենտրոնում գտնվող Figlmuller ռեստորանի մոտ հնչած կրակոցների ընթացքում առնվազն երկու մարդ է վիրավորվել: «Քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանի մոտ հրազենային վնասվածքներ են ստացել երկու մարդ : Ոստիկանությունն այժմ փնտրում է հանցագործին:Միջադեպի պատճառները ուսումնասիրվում են», - նշել է ոստիկանության ներկայացուցիչը:

Այժմ արտակարգ պատահարի վայրում աշխատում են Շտապ Օգնության բրիգադները եւ Ավստրիայի «Կոբրա» հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանումը: Ոստիկանական ուղղաթիռը պարեկում է Վիեննայի կենտրոնում: Քաղաքի կենտրոնում ավելացվել են ոստիկանական ուժերը, բազմաթիվ փողոցներ փակ են, է հաղորդում ТАСС -ը:

Ավստրիայի ոստիկանությունից նաեւ տեղեկացրել են, որ քաղաքի կենտրոնում կրակոցից հետո Վիեննայի բնակիչներին վտանգ չի սպառնում:

«Քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցից հետո հանցագործին գտնելու համար ձեռնարկվում են լայնամասշտաբ միջոցառումներ: Ներկա պահին կողմնակի անձանց համար վտանգ չկա», - ասել են ոստիկանությունից: