Քաշմիրում հակահնդկական բողոքների նոր ալիքի արդյունքում վեց ապստամբ է զոհվել Հնդկաստանի ԶՈւ ներկայացուցիչների հետ փոխհրաձգության հետեւանքով, տեղեկացնում է «Ասոշիեյթիդ պրեսը»։

Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունում, կողմերի միջեւ պայքարը սկսվել է այն ժամանակ, երբ կառավարական ուժերը, Թրալ քաղաքի մերձակայքում գտնվող ապստամբների թաքստավայրի ստուգման ժամանակ, հայտնվել են ապստամբների թիրախում։

Հենց որ ապստամբների սպանության լուրը տարածվեց քաղաքում, հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ դուրս եկան Թրալի փողոցներ։ Արդյունքում՝ տեղի ունեցան բախումներ քաղաքացիների եւ կառավարական ուժերի միջեւ։ Ներկա պահին տուժածների մասին չի հաղորդվում։

Ապստամբները 1989-ից պայքարում են Քաշմիրի նկատմամբ հնդկական վերահսկողության դեմ։ Քաշմիրի բնակչության զգալի մասը կողմ է, որպեսզի նահանգը միավորվի Պակիստանին կամ գործի որպես անկախ պետություն։

Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է ապստամբներ պատրաստելու մեջ։ Պակիստանը հերքում է այդ մեղադրանքները։ Ապստամբների եւ կառավարական ուժերի բախումների արդյունքում այս տարիների ընթացքում զոհվել է մոտ 70.000 մարդ։