Կրթության եւ գիտության նախարարության՝ մասնավոր հատվածի հետ սկսած համագործակցությունը միտված է այդ հատվածի ֆինանսական հատկացումներն ավագ դպրոցի զարգացմանն ու բարօրությանն ուղղելու գործընթացին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին ասաց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջեւ կնքված հուշագրի էությունը:

«Փետրվարի 21-ին կնքված հուշագրով «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը պարտավորվել է վերանորոգել թիվ 16 ավագ դպրոցը, մեթոդական ձեռնարկներ տրամադրել նրան։ Կնքված հուշագրով այդ հիմադրամը յուրաքանչյուր տարի պարտավորվում է թիվ 16 ավագ դպրոցին տրամադրել պետբյուջեից ստացված հատկացումների 50 տոկոսի չափով լրացուցիչ ֆինանսավորում»,- բացատրեց Բաղդասարյանը:

Նա նաեւ նշեց, որ մասնավոր հատվածը ավագ դպրոցներին աջակցելու մեջ շահագրգռված է մեկ այլ, այն է՝ հենց ավագ դպրոցից իրենց համար ապագա մասնագետներ պատրաստելու գործընթացի մեջ:

Ամփոփելով՝ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետը տեղեկացրեց, որ այս շաբաթ համագործակցության նմանօրինակ մեկ այլ հուշագիր կստորագրվի նաեւ Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի եւ  թիվ 3 ավագ դպրոցի միջեւ։

Նշենք, որ «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Բարսեղ Բեգլարյանն է: