Շիրակի Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն, ի տարբերություն, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, հույսը ոչ թե Աստծո վրա է դնում, այլ կոնկրետ առաջարկներ է անում:

«Այս տարի ձմեռը բարեհաճ է գյուղատնտեսության համար, սակայն լավ բերքի երաշխավորը նաեւ հակակարկտային կայաններն են: Մեր ամբողջ տարվա աշխատանքը կարկուտը կարող է 5 րոպեում ավերել, դրա համար Շիրակի մարզին հակակարկտային կայաններ են անհրաժեշտ»,- ասել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՀՀ գյուղնախարարը հայտարարել էր նախարարությունում հոգեւորական մասնագետ ընդգրկելու մասին, ով պետք է օրհնի գյուղնխրարության աշխատանքը: Այս առումով Շիրակի մարզի գյուղվարչության պետը կատակում է, թե «մենք հակակարկտային կայաններ տեղադրելու հայեցակարգ ենք ներկայացնում, իրենք առաջարկում են հոգեւորական մասնագետ»:

«Ես կողմ եմ տեխնիկական զարգացմանը, 4 քայլ պետք է կատարել ու գյուղատնտեսությունը թռիչքաձեւ զարգացում կապրի `որակյալ սերմ, թունաքիմիկատ, սարքավորումներ եւ վարկեր: Քահանայի անհրաժեշտություն կարծում եմ չի լինի»,-ասում է Մովսես Մանուկյանը: