Արաբական աշխարհը համակած հեղափոխական ալիքը չի հասնի Սաուդյան Արաբիա, քանի որ գերտերությունները դա թույլ չեն տա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ, ԵՊՀ դասախոս Երվանդ Մինասյանը: Նա նշեց, որ գուցե լոկալ բնույթի հուզումներ ի հայտ գան, սակայն դրանք չեն վերածվի զանգվածային ալիքի եւ հաջողության, քանի որ նախ` այդ երկրում մարդկանց կենսամակարդակը անհամեմատ ավելի բարձր է, բացի այդ` Սաուդյան Արաբիայի բնակչության մեծ մասն անգրագետ է:
«Գուցե ինչ որ զանգվածներ, հետեւելով արաբական այլ երկրների իրենց եղբայրների օրինակին` ինչ որ ակցիաներ կազմակերպեն, սակայն դրանք չեն կարող հասունանալ եւ վերաճել կառավարության հրաժարականի պահանջի»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը: Նրա խոսքով`Սաուդյան Արաբիայում նախկինում եղել են հասարակական հուզումներ, սակայն դրանք ճնշվել են, եւ առաջիկայում տեղի ունենալիք հուզումները եւս նույն բախտին կարժանանան: «Այդ երկրի բանակն ուժեղ է, եւ բացի այդ մեծ տերությունները չեն քաջալերի այդ երկրում փոփոխությունները, քանի որ Սաուդյան Արաբիան նավթ մատակարարող խոշորագույն երկիր է» ,-նկատեց Մինասյանը` հավելելով, թե գերտերություններն իրենց տնտեսական շահը չեն ստորադասի ժողովրդավարական արժեքներին:
Հարցին, թե հնարավո՞ր է արաբական մի շարք երկրներում` մասնավորապես Լիբիայում, Եմենում, Մարոկկոյում, Բահրեյնում տեղի ունեցող պրոցեսները նույն հանգուցալուծումն ստանան, ինչը տեղի ունեցավ Եգիպտոսում, Մինասյանը պատասխանեց. «Անշուշտ, Եգիպտոսի նախադեպը կկրկնվի նաեւ մյուս երկրներում: Արդեն իսկ տեսանելի է, որ Լիբիայում ընդդիմությունը որոշակի հաջողություններ է արձանագրել, թեեւ մարդկային զոհերի գնով: Նույն սցենարը կկրկնվի նաեւ հեղափոխական տրամադրություններով համակված մյուս երկրներում, եւ իմ կանխատեսմամբ, այդ երկրների կառավարությունները հետեւելով Եգիպտոսի օրինակին հասարակական ճնշման ներքո հրաժարական կտան»,-նկատեց Մինասյանը:
Նկատենք, որ նավթային պաշարները Սաուդյան Արաբիայի ամենամեծ ազգային հարստությունն են եւ եկամուտների ամենամեծ աղբյուրը: Թագավորության տարածքում է գտնվում նավթի համաշխարհային հետախուզված պաշարների 1/4-ը: Ամեն օր թագավորությունում արտահանվում է շուրջ 8 միլիոն բարել նավթ:




























