Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գործի է դրվել ռազմական ավիացիան: Al Jazeera-ն վկայակոչելով ականատեսներին` հաղորդում է, որ ռազմական ավիացիայի հարվածերից շուրջ 250 մարդ է զոհվել:
Ավիացիան ռմբահարում է մայրաքաղաքի բնակելի թաղամասերը: Քաղաքը պաշարման մեջ է: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` քաղաքում վարձկանների խմբերը կրակում են բնակիչների վրա:
Քադաֆիի ռեժիմի կողմնակից անվտանգության ուժերի աշխատակիցները ներխուժում են անգամ հիվանդանոցներ եւ հարձակվում բժիշկների ու հիվանդների վրա: Քաղաքում դեղորայքի, սննդամթերքի սուր պակաս է զգացվում, հաճախակի են էլեկտրասնուցման խափանումները:
Հիշեցնենք, որ Լիբիայում փետրվարի 15-ից շարունակվում են բողոքի ակցիաները` երկիրը 42 տարի ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով: Իրավապաշտպանների տվյալներով ցուցարաների եւ ոստիկանական ուժերի ու բանակի միջեւ բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 230 մարդ: Իշխանությունները հայտարարել են 84 զոհի մասին:
Նշենք, որ փետրվարի 21-ին Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը հայտարարել էր, թե ընդդիմադիր անջատողական շարժումը <սպառնում է երկրի միասնականությունը>: Նա նաեւ հերքել էր Քադաֆիի` Լատինական Ամերիկա փախուստի մասին լրատվամիջոցների հաղորդումները:





























