Բուենոս Այրեսում կոռուպցիայի մասին գործի հետաքննության շրջանակներում ոստիկանությունը սենատոր եւ Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդես դե Կիրշների բնակարանից ավելի քան 30 նկար է առգրավել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Infobae տեղեկատվական պորտալին:
Վերջինիս տվյալներով՝ արվեստի գործերի ընդհանուր արժեքը 4 մլն դոլար է:
Նկարները բռնագրավելու հրաման էր տվել դատավոր Կլաուդիո Բոնադիոն: Օպերատիվ աշխատանքները տեւել են մոտ երկու ժամ:
Օգոստոսին Ֆերնանդես դե Կիրշների բնակարանում եւ տներում խուզարկություններ էին կատարվել: Բոնադիոն խորհրդարանից թույլտվություն էր խնդրել նշված քննչական գործողությունների իրականացման նպատակով՝ կոռուպցիոն սխեմայի ստեղծմանը նախկին նախագահի մասնակցության մասին ապացույցներ գտնելու համար, որն այժմ խորհրդարանական անձեռնմխելիություն ունի:
Կաշառքների մասին գործի հետաքննությունը սկսվել էր անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ Պլանավորման փոխնախարար Ռոբերտո Բարատայի վարորդի նախկին կինը ոստիկանությանը հայտնել էր, թե տեսել է ինչպես է իր ամուսինը փողերով պայուսակներ տեղափոխում: Մեղադրական կողմի վարկածով՝ այդ գումարները էներգետիկ եւ շինարարական ընկերություններից ստացված կաշառքներ են: Վարորդի տանը կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին տետրեր, որտեղ նա գրում էր իր տեղաշարժերի մասին:




























