Հայաստանում բավական ժողովրդավարական մշակույթ եւ զարգացող քաղաքացիական հասարակություն կա։ Նման կարծիքի է Լիբերալ երիտասարդության միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սվեն Հերսթը։ NEWS.am-ին տված հարցազրույցում Տնտեսական եւ քաղաքական գիտությունների լոնդոնյան դպրոցի փիլիսոփայության մագիստրոս Սվեն Հերթսն իր կարծիքը հայտնեց Հայաստանի քաղաքական դաշտի մասին։

Ի՞նչ կերպ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի բաշխումը կազդի երկրում քաղաքական պատկերի վրա

Նախեւառաջ, ես կարծում եմ, որ վերջերս տեղի ունեցած խորհրդարանակամ ընտրությունները հույս են ներշնչում, եւ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո շարունակում են դրական միտումը։ Ինչպես եւ ցանկացած հեղափոխական շարժումից հետո, մենք, կարծես, տեսնում ենք ուժեղ միասնականություն բնակչության մեջ, որը ձգտում է խաղաղ եւ սահուն անցման, ինչպես նաեւ՝ քաղաքական կայունության։ Այդ պատճառով «Իմ քայլը» դաշինքի ճնշող մեծամասնությունը խորհրդարանում զարմանք չի առաջացնում, սակայն դա մյուս կողմից անհանգստություն է առաջացնում։ Ես կարծում եմ, որ կա երկու վտանգ՝ կապված այն բանի հետ, որ մի քաղաքական ուժը ճնշող մեծամասնություն ունի։ Առաջին հերթին կա հիասթափության հնարավորություն, եթե Փաշինյանի կառավարությունը չկարողանա ապահովել ժողովրդավարական անցում, տարածքային հակամարտության հետ կապված կայունություն եւ տնտեսական առաջընթաց։ Երկրորդ՝ մեծամասնությունը իշխող կուսակցությանը հսկայական իշխանություն է տվել, որը չի վերահսկվում բազմակարծության կուսակցական եւ խորհրդարանական համակարգի անհրաժեշտ հավասարակշռմամբ։ Այս երկու վտանգները կարող են տանել, հուսով ենք, մոռացված ավտորիտար միտումների եւ ռուսական ազդեցության դարաշրջան։ Թեեւ այս խնդիրները կարող են տվյալ պահին չափազանց պեսիմիստական լինել, դրանց պետք է լրջորեն վերաբերվել անգամ հույսի եւ լավատեսության դեպքում։

Ինչպիսի՞ քաղաքական նախապայմաններ են անհրաժեշտ Հայաստանի նման զարգացող երկրներում տնտեսության զարգացման համար

Ես տնտեսագետ չեմ եւ Հայաստանի ուղղությամբ չեմ մասնագիտանում։ Սակայն շատ տնտեսագետներ կհամաձայներին, որ հենց հուսալի ինստիտուտներն են նպաստում կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ Կարելի է առանձնացնել, այսպես կոչված, եռյակը՝ ժողովրդավարական պատասխանատվություն, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների հարգում, որոնք լիբերալ ժողովրդավարության անկյունաքարն են։ Ինչպես նաեւ՝ նախապայմաններ են անհրաժեշտ գործող շուկայական տնտեսության համար՝ այնպիսին, ինչպիսիք են սեփականության հուսալի իրավունքները (այսինքն, կայուն, երաշխավորված եւ ուժեղ ու հզոր խաղացողների ազդեցությունից պաշտպանված), մրցակցությունը (այսինքն՝ հակամենաշնորհային նախաձեռնությունները), ինչպես նաեւ՝ եկամուտները։ Հենց սա է երաշխավորում, որպեսզի խթանիչներն ու ազդակները կարողանան շահավետ աշխատել։ Այնուամենայնիվ, այս ինստիտուտներին եւ համապատասխան սոցիալական նորմերին ժամանակ է պետք զարգանալու համար, սակայն հաճախ դրանք իրենց ավելի լավ են դրսեւորում, երբ պետությունը չի միջամտում՝ խեղաթյուրելով խթանիչներն ու ազդակները։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում հեղափոխությունից հետո կայունության հաստատման եւ տնտեսական զարգացման համար

Նման հարցերը միանշանակ պատասխան չունեն։ Իմ դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանում բավական ժողովրդավարական մշակույթ եւ զարգացող քաղաքացիական հասարակություն կա։ Դա նշանակում է, որ պետք է շատ ջանքեր գործադրել՝ իրավապահ ինստիտուտները վերականգնելու համար։ Դա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա այս կառավարության գործունեության հիմնական ուղղություններից մեկը։ Պետք է բացահայտվեն անցյալի կոռուպցիոն գործողությունները, եւ մեղավորները պատասխանատվություն կրեն։ Տնտեսական ոլորտում, կարծում եմ, պետք է հատուկ ուշադրություն դարձնել մրցակցության ապահովմանը։ Կարծում եմ, անարդար կլինի նահանջել տեղացի ձեռներեցների իրավունքները պաշտպանելու ծրագրերից։ Հայերը խելացի են, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց համաշխարհային շուկայում։