Երեւանում առեւանգված Lexus-ի եւ Mercedes-ի բախման հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից եւս մեկը մահացել է:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեկտեմբերի 28-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 31-ամյա Սարգիս Բաբուջյանը. վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 26-ին Իսակովի պողոտայում Lexus մակնիշի 04 CC 003 եւ Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաների բախումից հետո:

Նշենք, որ այդ վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ 50-ամյա Էդվարդ Քոչարյանը, ուղեւոր 43-ամյա Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի մյուս ուղեւոր 42-ամյա Լուսինե Բ.-ն ու ու Lеxus մակնիշի ավտոմեքենայից դուրս բերված 29-ամյա Էդմոն Բ.-ն ու Սարգիս Բաբուջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում. ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել էին Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի եւ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում աշխատանքներ էին կատարում, մի քաղաքացի ժամը 00։30-ի սահմաններում դիմել էր Ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ որոշ ժամանակ առաջ Լենինգրադյան փողոցում իր Lexus մակնիշի ավտոմեքենան առեւանգել էին։ Իրավապահները պարզել էին, որ խոսքը նշված վթարի մասնակից Lexus-ի մասին էր, որի բեռնախցիկում հայտնաբերվել էր նաեւ արտասահմանյան համարանիշներ։ Պարզվել էր նաեւ, որ Lexus-ը դեպի օդանավակայանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, այնուհետեւ երկաթե գովազդային սյանը եւ առաջ ընթանալով՝ անցել բետոնե բաժանարար գոտու վրայով՝ հանդիպակաց երթեւեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, այնուհետեւ բախվել Mercedes-ին։