«Երկրի գործընկերության ռազմավարությունը 2009-2012 թթ. համար» ծրագրի շրջանակում գործակցության խորացման հեռանկարներին են անդրադարձել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 22-ին Երեւանում կայացած այդ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են նաեւ ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխման ուղղությունները: Մասնավորապես, առաջնահերթ է համարվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում եւ կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարեւորությունից` վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության նիստում հաստատված ՀՀ գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը: Այդ առումով Տիգրան Սարգսյանը կարեւորել է կոոպերատիվների խթանման, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, սերմնաբուծության եւ անասնաբուծության  զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Առողջապահական ռեֆորմների համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է առողջապահական միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցների վերանորոգման, որակյալ ծառայությունների մատուցման, բժիշկների վերապատրաստման ու միասնական հաշվառման համակարգի ներդրման կարեւորությունը: Կրթության ոլորտի  առաջնահերթությունների թվում  առանձնացվել է ՀՀ ուսումնական հաստատությունների հավատարմագրման խնդրի կարգավորումը:

Անդրադառնալով կառավարման համակարգի շարունակական բարեփոխումներին` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի մանրամասները: Որպես հաջորդ քայլ` անհրաժեշտ է համարվել պետական կառավարման մարմիններում համապատասխան կարողությունների ձեւավորումը: