Դանիայում 2 կղզիները միացնող կամուրջի վրա երկաթուղային վթարի հետեւանքով 6 մարդ է զոհվել, հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով մոտ 8:00-ին պատահարը տեղի է ունեցել Մեծ Բելտ կամրջի վրա, որը հատում է նույնանուն նեղուցը եւ միավորում Ֆյուն ու Զելանդիա կղզիները, հայտնում է Associated Press գործակալությունը:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ հանդիպակաց ուղղությամբ ընթացող բեռնատար գնացքից բրեզենտի մի կտոր է թռել, ինչը ուղեւորատար գնացքի մեքենավարին հարկադրել է կտրուկ արգելակում կատարել:

Ուղեւորատար գնացքը ընթանում էր Դանիայի մայրաքաղք Կոպենհագենի ուղղությամբ:

Պատահարից հետո Մեծ Բելտ կամուրջը փակվել է ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմեքենաների երթեւեկության համար: Տեղում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների աշխատանքը դժվարացնում է ուժգին փոթորիկը, հայտնում է հեռուստաալիքը:

Ոստիկանությունը տուժած գնացքի ուղեւորների համար Ֆյուն կղզու Նյուբորգ քաղաքում տարհանման կենտրոն է ստեղծել: Գնացքի ուղեւորներին խնդրել են կապ հաստատել ազգականների հետ եւ հայտնել իրենց վիճակի մասին: