Հնդկական Նետավալգարխ Պաչլի գյուղում JioPhone հեռախոսի պայթյունի հետեւանքով 60-ամյա տղամարդ է մահացել՝ տեղեկացնում է IXBT-ը։

Նրա կնոջ խոսքով՝ Կիշորե Սինգհը մոռացել է հեռախոսը հանել գրպանից, երբ պառկել է քնելու։ Առավոտյան կինը, տնային գործերով տարված, հանկարծ ուժեղ ձայն է լսել եւ մինչ կհասներ ամուսնու մոտ, նա արդեն բռնկվել էր կրակով եւ ուժեղ այրվածքներ ստացել։ Սինգհը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին։

Հնդկական Reliance Jio բջջային կապի օպերատորի կողմից տարածվող JioPhone-ը շատ էժան սարք է։ Մահացածը այն ձեռք էր բերել դեպքից երկու ամիս առաջ՝ ընդամենը 16 դոլարով։ Հայտնի չէ՝ արդյոք հեռախոսը վերանորոգվե՞լ է, թեեւ դա քիչ հավանական է՝ հաշվի առնելով գնման ժամկետը։ Դեպքից հետո տեղի շատ բնակիչներ հրաժարվել են JioPhone հեռախոսներից։ Օպերատորը դեռեւս որեւէ մեկնաբանություն չի արել։