Բրիտանական իշխանությունները հայտարարել են Մանչեսթրում երկու տղամարդկանց ձերբակալության մասին՝ Լա Մանշ նեղուցով Մեծ Բրիտանիայում միգրանտների անօրինական տեղափոխում կազմակերպելու կասկածանքով, հաղորդում է Fox News-ը:

Ինչպես տեղեկացրել են Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունից, ձերբակալվածները 33-ամյա իրանցի եւ 24-ամյա բրիտանացի են:

Գործակալությունը հրաժարվել է բացահայտել միջադեպի մանրամասները՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը:

Ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ  Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը հետաքրքրվել էր՝ արդյոք միգրանտները, որոնք նախկինում փորձել էին Ֆրանսիայից հասնել Անգլիա, իսկական փախստականներ էին:

Ջավիդը  հայտարարել է, որ միայն դեկտեմբերին Լա Մանշով փորձել են անցնել մոտ 230 միգրանտներ: Նա այդ փաստը անվանել է «լուրջ միջադեպ»: Արդյունքում, խստացված միջոցներ են ձեռնարկվել նեղուցում՝ կանխելու նման փորձերի կրկնությունը:

2018 թվականի վերջին օրը ոստիկանությունը Անգլիայի հարավ-արեւմուտքում տեղակայված լողափում հայտնաբերել էր 12 միգրանտներից բաղկացած խումբ: Խմբում եղել են ինը տղամարդ, երկու կին եւ 10 տարեկան երեխա: Զեկուցվել է, որ նրանք բոլորն իրանցի են: