ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Instagram սոցցանցում «պատը մոտ է» մեմ է հրապարակել՝ վկայակոչելով «Գահերի խաղը» հայտնի սերիալի «ձմեռը մոտ է» արտահայտությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նկարում պատկերված է անձամբ ԱՄՆ նախագահը եւ «պատը մոտ է» գրությունը: Մեմի ներքեւի մասում պատ է պակերված, որը Թրամփը մտադիր է կառուցել ԱՄՆ հարավային սահմանին:
ԱՄՆ կառավարությունը դեկտեմբերի 22-ից մասամբ չի աշխատում այն պատճառով, որ Կոնգրեսում դեմոկրատները հրաժարվում են ընդունել բյուջեն, որը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 5 մլրդ դոլար է նախատեսում: Թրամփը, որը մինչեւ իր ընտրվելը խոստացել էր նման պատ կառուցել, հրաժարվում է նախագծի փաստաթղթից հանել այդ ծախսերը:





























