ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուիլյամ Բարի թեկնածությունը գլխավոր դատախազի եւ երկրի արդարադատության նախարարի պաշտոնի համար պաշտոնապես ներկայացրել է Սենատ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կանոնադրության համաձայն՝ Բարի թեկնածութկունը պետք է հաստատի իրավաբանական կոմիտեն, իսկ հետո սենատի ողջ կազմը, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն: Կոմիտեում Բարի թեկնածության քննարկումը նախատեսված է հունվարի 15-ին եւ 16-ին:
1991-1993 թվականերին Բարն արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը: Նախկին դատախազ Ջեֆ Սեշնսը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թվականին, դեկտեմբերի 7-ին ազատվել էր պաշտոնից:
Ավելի վաղ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը Թրամփից պահանջել էր չառաջադրել Բարի թեկնածությունը, քանի որ վերջինս շահերի բախում ունի:
Wall Street Journal- ի տվյալներով՝ Բարը քննադատել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության որոշ կողմերը: Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու դեպքում նա կվերահսկի այդ հետաքննության իրականացումը:





























