Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ Լիբիական հեղափոխության առաջնորդ Մուհամար Քադաֆին փետրվարի 22-ին, հեռախոսային զրույցի ընթացքում, քնարկել են Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները։

20 րոպե տեւած հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել  Քադաֆիի ժողովրդին արված ուղերձից անմիջապես հետո, Իտալիայի վարչապետը նորից կոչ է արել խնդիրը կարգավորել խաղաղ եղանակով, որպեսզի խուսափեն քաղաքացիական պատերազմից, գրում է «Վզգլյադը»։

Բեռլուսկոնին կտրականապես հերքել է Քադաֆիի այն հայտարարությունը, թե իբր Իտալիան զենք եւ հրթիռներ է մատակարարել Բենգազիի ցուցարարներին։

Լիբիայի առաջնորդն ի պատախան ասել է, որ իր երկրում ամեն ինչ կարգին է, եւ որ Լիբիայի լրատվամիջոցները ճշմարտությունն են ներկայացնում:

Հիշեցնենք, որ Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են Քադաֆիի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 42 տարի:

Նախօրեին Քադաֆին հանդես է եկել հեռուստատեսային ուղերձով, որի ժամանակ հայտարարել է, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, եւ որ պետք է գնդակահարել ցուցարարներին:

«Մուամար Քադաֆին չունի պաշտոն, որպեսզի լքի այն: Նա նախագահ չէ, այլ հեղափոխության առաջնորդ եւ նա կմահանա այս երկրում որպես մարտիրոս»,- ասել է Քադաֆին: