Հունգարահայ համայնքը փետրվարի 19-ին հավաքվել է  Բուդապեշտի կենտրոնում Դանուբի ափին տեղակայված հայկական խաչքարի մոտ` նշելու Գուրգեն Մարգարյանի սպանության 7-րդ տարելիցը:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի կողմից «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպած անգլերենի դասընթացի մասնակից ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը ցնցեց ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ միջազգային հանրությանը: Հայ սպան քնած ժամանակ կացնահարվեց նույն դասընթացի մասնակից ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից:

Ներկաները ծաղկեպսակներ են դրել խաչքարի մոտ եւ մոմեր ու խունկ վառեցին` իրենց տուրքը մատուցելով ադրբեջանական վայրագությանը զոհ գնացած հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Հունգարահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կրկին դատապարտել են հայ սպայի սահմռկեցուցիչ սպանությունը` այն դիտարկելով որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քարոզչության հետեւանք: Նրանք դրվատանքով են խոսել  Հունգարիայի մայրաքաղաքային դատարանի դատավոր դր. պրոֆ. Անդրաշ Վաշկուտիի մասին, ով ամեն կերպ ապահովել է դատավարության անկողմնակալ ընթացքը` այն հնարավորինս զերծ պահելով ադրբեջանական ճնշումներից եւ դիմակայելով ադրբեջանական բոլոր կարգի միջամտություններին: 

Երկու տարի տեւած դատական գործընթացի արդյունքում մարդասպան Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ստացել է հունգարական օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատիժը. Բուդապեշտի քաղաքային դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման` միայն 30 տարի հետո ներման հայց ներկայացնելու իրավունքով:

Ադրբեջանական կողմը պարբերաբար քայլեր է  ձեռնարկում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու նպատակով, սակայն Հայաստանի դեսպանության եւ հունգարահայ  հայ համայնքի կողմից իրականացվող աշխատանքների շնորհիվ ադրբեջանական փորձերը անհաջողության են մատնվում, եւ Հունգարիայի համապատասխան ատյանների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իր բնույթով նման դաժան հանցագործություն իրականացրած անձը չի կարող փոխադրվել Ադրբեջան: