Անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանին պատկանող մեքենան այսօր` փետրվարի 23-ի վաղ առավոտյան բախվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին:
Nissan Pathfinder մակնիշի 20 ՏՏ 565 համարանիշի մեքենայի ղեկին, սակայն, անվանի դերասանը չի եղել, այլ ավտոլվացման կետի աշխատակիցը` 21-ամյա Արթուր Ազատյանը:
Մեր այցելության պահին Կարեն Ջանիբեկյանը գտնվում էր Շենգավիթի բաժնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանը պատմեց, որ նախօրեին մեքենան տարել է ոմն Խաժակի պատկանող ավտոլվացման կետ: «Ժամը 6-ին պետք է գնայի, վերցնեի, սակայն ճնշումս բարձր էր եւ քնել եմ: Առավոտյան 5-ին ինձ հայտնեցին, որ մեքենան վթարված է: Ավտոլվացման կետի տղան քշել էր այն եւ ջարդուփշուր արել»,- ասաց նա:
Ջանիբեկյանը հայտնեց, որ գործն անպայման դատարան է գնալու, քանի որ նախեւառաջ սա «ավտոմեքենայի առեւանգում» է: «Չի կարելի ուրիշի մեքենան վարել: Գիշերվա կեսին ֆռֆռացել է եւ խփել: Հիմա սպասում ենք, որ էվակուատորը գա եւ մեքենան տանեն»,- նշեց Կարեն Ջանիբեկյանը:
Ի դեպ, Արթուր Ազատյանը գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որտեղից մեզ հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում քրգործ հարուցելու համար:




Լուսանկարները` Արտակ Եղիազարյանի




























