Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 23-ին ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այս ընկերության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Սակայն հիշեցնենք, որ «Ֆորչյուն Օյլ»-ը Հայաստանի 3 երկաթահանքեր գնած ընկերությունն է:

Դեռեւս այս տարվա սկզբին «Ֆորչյուն Օյլ»-ը տեղեկություններ տարածեց այն մասին, որ գնել է Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթի հանքերը։ Այս տեղեկությունը երկար ժամանակ ոչ հաստատել, ոչ էլ հերքել չէր հաջողվում։ Խնդիրն այն է, որ երկաթահանքերի շահագործման իրավունքները պատկանում են 2 տարբեր ընկերությունների՝ «Նագին» (Հրազդան) եւ «Սփայս Սթիլ Արմենիա» (Սվարանց ու Աբովյան)։ «Նագին» ընկերությունն, իր հերթին, փոխկապված է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ:

Նշենք, որ «Ֆորչյուն Օյլ»-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հանքավայրերը ձեռք են բերվել միջնորդավորված կերպով։ Այսինքն՝ «Ֆորչյուն Օյլ»-ը գնել է Bounty Resources Armenia Limited ընկերության կապիտալի 35 տոկոսը։ «Նագինը», ըստ այդ տեղեկատվության, Caspian Bounty Steel Limited-ի դուստր ընկերությունն է, իսկ վերջինս էլ, իր հերթին՝ դուստր է հենց Bounty Resources Armenia Limited-ին։ Ընդ որում՝ չինացիները համոզված են, որ «Նագինին» են պատկանում բոլոր 3 երկաթահանքերի շահագործման լիցենզիաները։ Նրանց հաղորդագրության մեջ «Սփայս Սթիլ Արմենիա»-ի մասին ոչինչ ասված չէ։

Bounty Resources Armenia Limited-ի մասին Հայաստանում քիչ բան գիտեն։ Միայն վերջերս պարզվեց, որ այն նույնպես պատկանում է Վարդան Այվազյանին։ Պատահական չէ, որ սույն անձնավորությունը եւս ներկա էր վարչապետի եւ չինական ընկերության միջեւ հանդիպմանը։ Այսպիսով՝ վստահաբար կարելի է ասել, որ հայ-չինական «երկթայա» գործարքի ետեւում կանգնած է հենց Վ. Այվազյանը։

«Ֆորչյուն Օյլ»-ի ներկայացուցիչները վարչապետին վստահեցրել են, որ ներդրումները կիրականացվեն 2 փուլով, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 0,5 մլրդ դոլար։