Եթե ոչինչ չխանգարի, ընթացիկ տարվա մարտին Բրյուսելում կայանալու է Եվրանեսթի հիմնադիր նիստը, որը կբացի Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը, իսկ նիստին մասնակցելու են ազգային բոլոր պատվիրակություններն ամբողջական կազմով: Այդ մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար, Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ որոշումները կազմակերպությունում կայացվել են ձայների 2/3 հարաբերակցությամբ, բայց հայկական պատվիրակության պնդմամբ ընդունվել է առաջակը, թե ազգային հարցերի քննարկման ժամանակ կարող է կիրառվել վետոյի իրավունքը:

«Այսպես մենք կարող ենք ապահովագրվել կազմակերպությունում ղարաբաղյան հարցի քննարկումից, քանի որ անդամներից 40-ը ՎՈՒԱՄ ներկայացուցիչներ են»,- ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ խորհրդարանական վեհաժողովների կողմնակիցը չէ, քանի որ դրանք մոդայիկ են, բայց ոչ արդյունավետ:

Հովհաննիսյանը նշել է, որ եթե Հայաստանն անկեղծ լինի ժողովրդավարական բարեփոխումների կատարման ուղղությամբ, որոշակի հաջողությունների կհասնի Եվրանեսթում: