Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը փետրվարի 21-ին կայացել է հանդիսավոր արարողություն նվիրված` 1988թ. փետրվարի 20 ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված պատմական որոշման 23-րդ տարեդարձին:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ ԼՂԻՄ-ը ցանկություն էր հայտնել միանալ Հայաստանին:

Արարողությանը մասնակցել են ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ այդ որոշումը պատմական կարեւոր նշանակություն ուներ, քանի որ այդ օրը Ղարաբաղը ի լուր ողջ աշխարհի հայտարարեց սեփական հողում ազատ ապրելու եւ մայր հայրենիքին վերամիավորվելու իր ձգտման մասին, ինչն, ըստ էության, ազդարարեց արդի փուլում ազգային ազատագրական շարժման պաշտոնական սկիզբը: Նշվել է նաեւ, որ հետագա տարիներին` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի Ղարաբաղի բնակչությունը եւ ողջ հայ ժողովուրդը ստիպված են եղել դիմագրավել բազմաթիվ այլ փորձությունների եւ ընդունել իրավական շատ կարեւոր այլ որոշումներ, որոնք կարծես թե ստվերում են թողել վերոհիշյալ պատմական իրադարձության ելակետային նշանակությունը:

Որոշումը ծնվել է մարզի ազգաբնակչության եւ հայության միասնական եւ համառ ջանքերի շնորհիվ, ուր արձանագրված է սահմանադրական ճանապարհով ինքնորոշման իրավունքի իրականացման նրանց հայցը` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին»: Մինչդեռ այս միանգամայն խաղաղ նախաձեռնությանը Ադրբեջանը արձագանքեց Սումգայիթի ջարդերով, մինչ օրս խուսափելով այդ ոճրագործությանը արժանի գնահատական տալուց: Ներկայիս ինքնիշխան ԼՂՀ-ը իր ողջ էությամբ 88-ի ոգու մարմնավորումն է:

1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշման 23-րդ տարեդարձի առիթով ներկաներին իրենց շնորհավորանքները հղեցին նաեւ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ա.Անդրյանը եւ ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռ.Անանյանը: